ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Լուսանկարելիս քեզ պահի տիրակալն ես զգում»

«Լուսանկարելիս քեզ պահի տիրակալն ես զգում»
02.09.2016 | 09:19

Էլեկտրոնային կայքերից մեկը «Ինչպես ճիշտ լուսանկարվել» վերտառությամբ հոդված էր զետեղել: Ի լրումն` կայքի ընթերցող ՀԱՅԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ մեկնաբանությունների սյունակում ուշագրավ կանոնների մի ամբողջ ցանկ էր ներկայացրել: Հետաքրքրեց: Փորձեցի մանրամասներ իմանալ: Հայկն ասաց, որ դրանք լուսանկարչական արվեստի ու մոդելավորման հանրահայտ կանոններ են, վաղուց հայտնի են ու գործածվում են աշխարհում: Հայաստանում, նրա խոսքով, լուսանկարչական ոլորտը նոր է զարգանում: Համապատասխան հայալեզու գրականություն չկա, նորություններն ուշ են տեղ հասնում:


Հայկ Մելքումյանը մասնագիտությամբ բժիշկ-բջջաբան է: Ներկայումս ապրում և աշխատում է Վիեննայում: ՈՒնի նաև նկարչական կրթություն, հետաքրքրվում է լուսանկարչությամբ: Այս տարի Վիեննայում միջազգային բժշկական կոնգրեսի շրջանակում տեղի է ունեցել նրա նկարների անհատական ցուցահանդեսը: Մեր զրույցի թեման լուսանկարչությունն է:
Սովորաբար «ինչպես լուսանկարելու» մասին է խոսվում: Մինչդեռ կարևոր է նաև ճիշտ լուսանկարվելը` տեսախցիկը զգալը, լուսանկարչին օգնելը:


Հայկը նշեց, որ մոդելը կամ լուսանկարվողը պետք է հասկանա, թե ինչ է ուզում լուսանկարիչը, և հետևելով նրա շարժումներին` կարողանա ճիշտ կեցվածք ընդունել. «Ի վերջո, հարկ է տիրապետել պարզագույն կանոնների: Օրինակ, մարդու հոգեֆիզիոլոգիան այնպիսին է, որ նա սկզբում նայում է նկարի վերևի ձախ անկյունը, հետո հայացքը անկյունագծով իջեցնում դեպի ներքևի աջ անկյուն: Եթե, օրինակ, լուսանկարվողը ցանկանում է թափահարել պայուսակը, պետք է այն բռնի ձախ ձեռքով, որ պայուսակը պատկերվի նկարի վերևի ձախ հատվածում, իսկ մարմինը լինի նկարի ներքևի աջ հատվածում»:


Մեր օրերում առավել ուշագրավ են վավերագրական լուսանկարները: Մանավանդ ահաբեկչությունների, պատերազմների, քաղաքացիական անհնազանդության ցույցերի պակաս չկա: Զրուցակիցս նկատեց, որ վավերագրական լուսանկարչությամբ զբաղվում են հիմնականում լուսանկարիչ-լրագրողները: Նրանք մշտապես թեժ կետերում են, որսում են աղմկահարույց դրվագներ: Իրեն հետաքրքրում են դիմանկարները. մարդու աչքերը, անկեղծ հայացքը. «Երբեմն ես մոդելին ասում եմ, որ դեռ չեմ նկարում, և նկարում եմ այն պահին, երբ նա չի սպասում: Ամենալավ նկարները հենց այդ ժամանակ ես ստանում: Շատ կարևոր են նաև կենդանությունը, շարժումը նկարներում: Դիմանկարները պետք է պատմություն պատմեն. Քիմ Քարդաշյանի նկարները հաջողության են հասնում հենց դրա շնորհիվ, նա նկարվում է մեքենա նստելիս, շինությունից դուրս գալիս, ինչ-որ բան անելիս: Դիտողը ակամայից սկսում է երևակայել, հորինել պատմությունը, պատկերացնել իրեն լուսանկարվողի դերում: Վաղուց անցել է խորհրդային սառած նկարների դարաշրջանը»:


Այսօր բոլորն են նկարում: Տեխնիկական առաջընթացն անսպառ հնարավորություններ է տալիս: Զրուցակցիս կարծիքով` շատ լավ է, որ բոլորը լուսանկարում են, նախ` շատ կարևոր պահեր արձանագրվում են նկարների և փոքր տեսանյութերի տեսքով, և հարկ եղած դեպքում դրանք կարող են օգտագործվել դատական գործընթացների ժամանակ: Բացի այդ, լուսանկարելը հաճելի զբաղմունք է: Նրա բնորոշմամբ` լուսանկարելիս քեզ պահի տիրակալն ես զգում: Լուսանկարչությունն իբրև մասնագիտություն ընտրողներին խորհուրդ է տալիս նախ գեղագիտության դասընթացներ անցնել, գույների ներդաշնակության կոմպոզիցիաներ ուսումնասիրել. «Միայն թանկարժեք տեսախցիկ ունենալը և տեսախցիկի կարգավորումներին տեղյակ լինելը լուսանկարչություն չէ: Լուսանկարիչը նախ և առաջ պետք է երևակայություն ու ճաշակ ունենա, չէ՞ որ, ինչպես արդեն ասացի, լուսանկարչությունը պատմություն է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ